Ըստ դատախազության տրամաբանության, Ծառուկյան Գագիկն իր գույքին ապօրինի է տիրապետում, իսկ ադրբեջանցիներն օրինական կերպով են վայելում արծվաշենցիների գույքը:
Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանում վերադարձված գույքերի մասին: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազի, մեծ ծավալի աշխատանք է իրականացվել և ահագին գույք է վերադարձվել:
Խոսքն այն գույքի մասին է, որը դատախազությունն ապօրինի է համարում: Այսինքն, այդ գույքը գտնվում է Հայաստանի փաստացի սահմաններից ներս: Ենթադրենք` Կոտայքի մարզում գտնվող տնամերձ հողատարածք կամ Լոռու մարզում առկա հանքավայր: Մեծ հաշվով, այդ գույքերի միայն սեփականատերերն են փոխվելու: Դատախազության կողմից «վերադարձված» գույքերով Հայաստանի տարածքը չի փոխվելու:
Իսկ ինչու՞ դատախազությունը չի զբաղվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենում մնացած գույքի վերադարձով: Արծվաշենի հանձնման (փոխանակման) դեպքով գոնե մեկ քրեական գործ հարուցվե՞լ է: Կարծում եմ` երբեք չի հարուցվել: Անձամբ, տարիներ շարունակ, քրեական գործ հարուցելու առաջարկով դիմել եմ դատախազությանը: Միշտ մերժվել եմ:
Ուրեմն, ի՞նչ է ստացվում: Կոտայքի մարզում գտնվող տնամերձ հողամասն ապօրինի է և պետք է վերադարձվի, իսկ Արծվաշենում մնացած գույքը օրինական է և վերադարձման ենթակա չէ՞: Կամ` Ծառուկյան Գագիկն իր գույքին ապօրինի է տիրապետում, իսկ ադրբեջանցիներն օրինական կերպով են վայելում արծվաշենցիների գույքը:
Փաստորեն, դատախազության ուժը միայն հայաստանցիների վրա՞ է պատում:
Գիտե՞ք Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի դատախազությունը ժամանակին քանի քրեական գործ էր հարուցել: Հարյուրավոր: Հայաստանում Արծվաշենի հանձնման (փոխանակման) դեպքով քրեական գործ չկա, իսկ դատախազությունը երբեք Արծվաշենի մասին ծպտուն չի հանի: Վերջինիս համար ավելի հեշտ և անվնաս է Կապանի զբոսայգում գտնվող փոքրիկ հողատարածքը «վերադարձնել»:
Կարեն Հեքիմյան